ԵՄ–ն ուզում է Հորմուզի նեղուցի պատճառով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ․ Կալաս

Ավելի վաղ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողության ռեժիմը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԵՄ-ն մայիսին նախատեսում է Իրանի դեմ պատժամիջոցներ հաստատել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի պատճառով: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք արդեն լայնածավալ պատժամիջոցներ ունենք Իրանի նկատմամբ։ Նոր փաթեթը կվերաբերի նրանց, ովքեր ներգրավված են Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակման մեջ։ Այդ պատժամիջոցների շուրջ աշխատանքներն ընթանում են, մենք դրանց վերաբերյալ քաղաքական համաձայնություն ունենք։ Նախատեսում ենք նոր փաթեթն ընդունել մայիսին՝ արտգործնախարարների հաջորդ նիստի ժամանակ», - հայտնել է նա։
Ավելի վաղ Իրանի «Խաթամ ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողության ռեժիմը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։