ԵԱՏՄ երկրները կզարգացնեն Ինդոնեզիայի հետ ազատ առևտուրը. Միշուստին

Ակնկալվում է, որ ազատ առևտրի ռեժիմը կխթանի համագործակցության ամրապնդումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը բիզնեսին թույլ կտա ավելացնել արտահանումն ու ներմուծումն ավելի շահավետ պայմաններով, իսկ սպառողներին հնարավորություն կտա որակյալ ապրանքներ ձեռք բերել մրցակցային գներով: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Ռուսաստանի կառավարությունն այսօր կայացած նիստում վավերացրել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
ԵԱՏՄ–ի ԱԱԳ համաձայնագրերն ԱՄԷ–ի, Մոնղոլիայի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ կմտնեն այս տարի
Միշուստինը հստակեցրել է, որ փաստաթուղթն առևտրի արտոնյալ ռեժիմ է սահմանում ապրանքների ճնշող մեծամասնության նկատմամբ, ընդգրկում է Ինդոնեզիայի և Ռուսաստանի միջև երկկողմ շրջանառության ավելի քան 98 տոկոսը։ ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գործընթացի դինամիկան մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահները Մոսկվայում վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
«Ակնկալում ենք, որ ազատ առևտրի ռեժիմը կխթանի համագործակցության ամրապնդումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպես, օրինակ, մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, իհարկե՝ թվային տնտեսության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, հետազոտությունների, մշակումների և այլն», - թվարկել է նա։
ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում: