Ուկրաինայի զինուժը կրկին հարձակվել է Կուրսկի մարզի վրա. 1 մարդ մահացել է, վիրավորներ կան

Ամբողջ գիշեր Կուրսկի մարզում ԱԹՍ–ների հարձակման վտանգի ռեժիմ է գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կուրսկի մարզի Խոմուտովկայի շրջանում ուկրաինական ԱԹՍ–ն հարված է հասցրել ագրոֆիրմային, հարվածի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը:
Պաշտոնյան նշել է, որ տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել, նրանց կուղարկեն Կուրսկի մարզային հիվանդանոց։
«Բոլորին խնդրում եմ լինել խիստ զգոն և զգույշ», - «Max» հարթակի իր ալիքում գրել է մարզպետը:
Այսօր ավելի վաղ Խինշտեյնը հայտնել էր, որ Ուկրաինայի զինուժը անցած օրվա ընթացքում 70 անգամ հրետանի է կիրառել Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, խոցվել է տարբեր տեսակի 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։