ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մինչև 2027 թվականի հունիսի 30-ը Ռուսաստան ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը կհետաձգվի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։
«Ռուսաստան ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման հետաձգումը կտրամադրվի մինչև երեք ամիս ժամկետով»,– նշված է հրամանագրում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահին, այսինքն` 2026 թվականի ապրիլի 20–ից։
Փորձին կարող են մասնակցել ռուսական ներմուծող ընկերությունները, որոնք դրսևորում են օրինակելի հարկատուի վարքագիծ։
Հիշեցնենք, որ ներկայում Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտրի դեպքում (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան ներմուծման ժամանակ) ԱԱՀ-ն գանձվում է հարկային մարմինների կողմից՝ մինչև ներմուծմանը հաջորդող ամսվա 20-ը։