ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Վրացի հայտնի երգչուհի Նինո Կատամաձեն Ջազի միջազգային օրը ելույթ կունենա Երևանում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց տուրիզմի և մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Ապրիլի 30-ին Գաֆեսճեան քանդակների պուրակում (Կասկադ համալիր. խմբ․) կկայանա ամենամյա դարձած բացօթյա ջազային համերգը։ Ելույթ կունենան հայ և օտարազգի անվանի ջազ երգիչներ և երաժիշտներ՝ Երևանի ջազ կվարտետը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Գոռ Սուջյանը, Նինո Կատամաձեն, Վիգեն Արմենը և այլ հայտնի երաժիշտներ»,- ասաց Սագսյանը։
Նշենք, որ համերգը սկսվելու է ժամը 18։00-ին և ավարտվելու է ժամը 23։00-ին։ Սա Ջազի միջազգային օրվան նվիրված երևանյան 15-րդ համերգն է լինելու։ Համերգի կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանն ու Ջազի հայկական ասոցիացիան։ Մուտքն անվճար է։