ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լուիզիանայում (ԱՄՆ) կրակոցներ էր արձակել ԱՄՆ բանակի վետերան Շամար Էլկինսը: Սպանված 8 երեխաներից 7 նրա երեխաներն են եղել, հայտնում New York Post-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ավելի վաղ Լուիզիանա նահանգի ոստիկանությունը հայտնել էր, որ ԱՄՆ Շրիվպորտ քաղաքում կրակոցների հետևանքով 1-14 տարեկան ութ երեխա է սպանվել։ Կասկածյալն էլ սպանվել էր ոստիկանների կողմից հետապնդման ժամանակ։
«Լուիզիանայում կրակոցներ արձակած և 8 երեխայի սպանած անձը, այդ թվում՝ իր սեփական 7 երեխաներին, բանակի 31-ամյա վետերան էր», – նշվում է հրապարակման մեջ։
Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ նա բազմաթիվ լուսանկարներ էր հրապարակել իր երեխաների հետ, այդ թվում՝ Սուրբ Զատկի տոնին միասին եկեղեցի այցելության: Հրապարակումներից մեկում տղամարդը դիմել էր Աստծուն օգնություն խնդրելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։
Ամերիկյան լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ 2019 թվականի մարտին, ԱՄՆ բանակում ծառայությունն ավարտելուց երեք տարի անց, Էլկինսը կալանավորվել էր դպրոցի տարածքում ապօրինի հրազեն օգտագործելու մեղադրանքով և 18 ամիս պայմանական ազատազրկվել էր։