ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իրանի անվստահությունն ԱՄՆ կառավարության գործելակերպի նկատմամբ պահպանվում է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու։ Հետո ասել էր, որ իր համար միևնույնն է՝ Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում սպասվող բանակցություններին կգա, թե ոչ։
«Պարտավորությունների նկատմամբ հավատարմությունը ցանկացած երկխոսության հիմնավորված տրամաբանությունն է: ԱՄՆ կառավարության վարքագծի և գործելակերպի նկատմամբ առկա խորը պատմական անվստահությունից զատ, վերջին օրերին ամերիկյան պաշտոնյաների ոչ կառուցողական ու հակասական մոտեցումը մի դառը ուղերձ է պարունակում. նրանք ցանկանում են Իրանի կապիտուլյացիան։ Իրանի ժողովուրդը ճնշման առաջ չի նահանջում»,– նշել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։