ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի հրապարակման` նման իրավիճակի պատճառ է դարձել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Գեղամ Պետրոսյանի կողմից արված ինքնավնասումը։
Նշվում է, որ Պետրոսյանը երեկ կտրել է դաստակի երակները, ինչից հետո նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Սակայն այսօր որոշվել է նրան կրկին վերադարձնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Կայքի տեղեկություններով՝ «Արմավիր» ՔԿՀ վերադառնալուց հետո Գեղամ Պետրոսյանն այսօր դարձյալ ինքնավնասում է կատարել՝ պահանջելով, որ իրեն տեղափոխեն Նուբարաշենի հոգեբուժարան։
shamshyan.com–ը գրում է, որ Գեղամ Պետրոսյանն ու մի քանի այլ դատապարտյալներ պատրաստվում են առաջիկայում դիմել կտրուկ միջոցների` ընդհուպ հացադուլի ու խմբակային ինքնավնասումների։