ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն դատապարտել է Լիբանանի հարավում Հիսուսի արձանի վնասումը։
Ավելի վաղ լիբանանյան լրատվամիջոցները լուսանկար էին հրապարակել, որի վրա երևում էր, թե ինչպես է իսրայելցի զինվորը ոչնչացնում արձանը Լիբանանի հարավում գտնվող Դիբել բնակավայրում։ Պաշտոնական հայտարարության մեջ ՑԱԽԱԼ–ը հաստատել է, որ լուսանկարում պատկերված տղամարդը իսրայելցի զինվորական է։
Նեթանյահուն X սոցցանցում հայտարարություն է արել՝ նշելով, որ Իսրայելը հարգում և աջակցում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը հրեաների և այլ հավատքների համախոհների միջև։
«Երեկ ես, ինչպես իսրայելցիների մեծամասնությունը, ապշած և մտահոգված էի՝ իմանալով, որ ՑԱԽԱԼ–ի զինվորը Հարավային Լիվանանում կաթոլիկ սրբապատկեր է վնասել։ Ես դատապարտում եմ այս արարքը ամենավճռական ձևով։ Ռազմական իշխանությունները քրեական հետաքննություն են անցկացնում այս հարցի վերաբերյալ և համապատասխան կարգապահական միջոցներ կձեռնարկեն իրավախախտում իրականացրած անձի նկատմամբ», – հայտարարել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ մուսուլմանները քրիստոնյաների են սպանում Սիրիայում և Լիբանանում, Իսրայելի քրիստոնյա բնակչությունը ծաղկում է։
«Իսրայելը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ քրիստոնյա բնակչության թվաքանակն աճում է, կյանքի որակը` լավանում։ Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ վայրն է, որը ընդունում է կրոնական ազատությունը բոլորի համար։ Մենք ափսոսանք ենք միջադեպի և այն ցավի համար, որը պատճառվել է Լիբանանում և ամբողջ աշխարհում ապրող հավատացյալներին», – եզրափակել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ներողություն էր խնդրել քրիստոնյաներից միջադեպի համար՝ նույնպես վստահեցնելով, որ մեղավորը կպատժվի։