ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում 2 շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտի վալիդացիաների շնորհիվ 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ ապրիլի 6-ին Տիգրան Ավինյանը կոչ արեց բոլոր ավտոբուսների վարորդներին ներգրավել ուղեվճարների հավաքագրման գործընթացում։ Նա ընդգծեց, որ հավաքագրման պրոցեսին վարորդների ներգրավվածության բացակայությունն անընդունելի է։ Շեշտեց, թե հավաքագրումից է կախված արտաժամյայի վճարումները։
«Երկու շաբաթում մենք հավելյալ 235 մլն դրամ գումար ենք հավաքել։ Սա համեմատում եմ նախորդ 2 շաբաթվա հետ։ Որքան էլ անհարմարություններ է ստեղծում մեր մեթոդը մարդկանց համար, այնուամենայնիվ, կարգապահության տեսանկյունից այն բավականին արդյունավետ է։ Փաստացի, նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մենք 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթում»,- ասաց Ավինյանը։
Հավելեց՝ այս պահին 45 նոր տրոլեյբուս արդեն ճանապարհին է, սակայն հստակ ժամկետներ չնշեց՝ դրանց Երևանում լինելու մասին։ Ընդգծեց՝ այս գործընթացից հետո կպատրաստեն 170 նոր ավտոբուսի գնման հայտը։
Հիշեցնենք, որ նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարել էր, որ վարորդների պարտավորությունն է աշխատանքային պայմանագրով ուղեվճարի հավաքագրման գործընթացին մասնակցելը։