Թուրքիան նպատակ չունի Մերձավոր Արևելքում ռազմական դաշինքներ ստեղծել. ԱԳ նախարար

Թուրքական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է տարածաշրջանում նոր դաշինքներ ստեղծելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Թուրքիան նպատակ չունի Մերձավոր Արևելքում ռազմական դաշինքներ ստեղծել, այլ հանդես է գալիս տարածաշրջանում լարվածության նվազեցման օգտին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք նպատակ չունենք մահմեդական երկրների դեմ ռազմական դաշինքներ ստեղծել, ինչպես դա անում է Իսրայելը։ Մեր խնդիրն է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և «կրակը մարելուն»», - ասել է թուրք նախարարը Անթալիայում կայացած համաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆիդանի խոսքով՝ Անթալիայում Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային առանցքային հարցեր և համագործակցության հեռանկարները:
«Մենք քննարկել ենք տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը։ Մեր առաջնորդները քաղաքական կամք ունեն զարգացնելու հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, և իրացնելու մեր տարածաշրջանի ներուժը», - նշել է Ֆիդանը։
Նա հավելել է, որ երկրները մտադիր են շարունակել գոյություն ունեցող ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ ջանքերի համակարգումը: