ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է Վաշինգտոնի հետ մեծ գործարքի, բայց պետք է հաշվի առնվեն երկու կողմերի շահերը։
«Մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք գործարքի։ Պետք է նախապատրաստել այն, որպեսզի հաշվի առնվեն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Բելառուսի շահերը», - ասել է Լուկաշենկոն RT-ի հաղորդավար Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահի խոսքով՝ դեռ պետք է կարգավորել բազմաթիվ հարցեր։
«Եվ դա մեծ գործարքի թեմա է։ Հենց որ մենք պատրաստենք դա ցածր մակարդակով, պատրաստ ենք հանդիպել Դոնալդի հետ և ստորագրել այդ համաձայնագիրը», – ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Մինսկն արդեն ամերիկացիներին առաջարկներ է ուղարկել «մեծ գործարքի» վերաբերյալ, դրանք մշակվում են։
«Մենք նախանշել ենք մեր շահերը և համապատասխան առաջարկներ ուղարկել ամերիկացիներին։ Ինչպես նրանք ինձ տեղեկացրել են, դրանք մշակվում են», - ասել է Լուկաշենկոն։
Ինչպես նկատել է Բելառուսի նախագահը, այժմ ԱՄՆ-ը, հնարավոր է, այլ հարցերով է զբաղված, բայց գործընթացը շարունակվում է։