Թուրքական որևէ ավիաընկերություն կարող է չվերթեր իրականացնել դեպի Գյումրի. Փաշինյան

Վարչապետն ասաց, որ դեպի Երևան չվերթներ իրականացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Թուրքական որևէ ավիաընկերություն առաջիկայում կարող է չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթեր սկսել է իրականացնել այս տարվա մարտի 11-ից։
Վարչապետն ասաց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում` Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
«Ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չէ` «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք , որ առաջիկայում Գյումրիի օդանավակայան թռիչքներ նույնպես կիրականացվեն»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները իրականացվում են ամեն օր, մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10–ի, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի։