ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ բոլորովին վերջերս բավական լավ լուրեր է ստացել Մերձավոր Արևելքի և Իրանի հետ կապված, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել:
«20 րոպե առաջ մենք բավական լավ լուր ստացանք, թվում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի հետ գործերը լավ են ընթանում», - ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նորություններ է ստացել, սակայն հավելել է, որ հանգստյան օրերին նախատեսվում են բանակցություններ:
«Սպասում եմ, որ ամեն ինչ լավ կընթանա», - ընդգծել է Թրամփը:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ: