ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Մոտ 20 նավեր, որոնք հերթ էին կանգնել Հորմուզի նեղուցը հատելու համար, շրջվել են դեպի Օման՝ նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողության վերականգնման մասին Իրանի հայտարարությունից հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Հոնկոնգի կոնտեյներատար նավի բրոքերներին և սեփականատիրոջը։
Ավելի վաղ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի շրջափակման պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը:
«Հորմուզի նեղուցը հատելու հերթում գտնվող մոտ 20 նավ ստանալով նեղուցը փակվելու մասին ԻՀՊԿ ռադիոհաղորդագրությունը՝ շրջվել են դեպի Օման», - նշում է պարբերականը։
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է նաև, որ այդ նավերից յուրաքանչյուրն ավելի վաղ համաձայնել էր նեղուցը հատելու համար 2 մլն դոլար վճարել ԻՀՊԿ-ին:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսել են շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները: Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել Հորմուզի նեղուցով, եթե դրա համար Թեհրանին չեն վճարել: Իրանի իշխանությունները վճարի ներդրման մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։