ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունից նշել են, որ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը` նախատեսվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով: ԱԳՆ–ից հայտնել են, որ սարքերն անհրաժեշտ է մատակարարել մինչև 2026 թվականի ապրիլի 20–ը։
Այդ սարքավորումները ձեռք բերելու համար ԱԳՆ–ն հարցում է ուղարկել 4 կազմակերպությունների, որոնցից հարցմանն արձագանքել են «ՀԵՆՄԱՐՔՈՄ» և «Տոպազ-95» ՍՊ ընկերությունները:
Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4–ին։ ՀՀ կառավարության որոշմամբ օրը ոչ աշխատանքային է։