ՀՀ–ում նախատեսում են ակտիվների կառավարման գրասենյակ ստեղծել

Հանդիպման ընթացքում ընդգծվել է բռնագանձված ակտիվների կառավարման գործընթացում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում նախատեսում են ակտիվների կառավարման գրասենյակ ստեղծել։ Նախաձեռնությունը քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում։
Քննարկումը վերաբերել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորմանը։ Մասնակիցները դիտարկել են նաև այս ոլորտում հատուկ կառավարման գործիքների ներդրման և բռնագանձված միասնական ռեեստրի ստեղծման հարցերը։
Ընդգծվել է, որ ակտիվների կառավարման գործընթացում կարևոր է ապահովել թափանցիկություն և հանրային վերահսկելիություն՝ բարձրացնելով համակարգի վստահելիությունը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։