ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Թուրքիայի դպրոցներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները կրթական հաստատությունների վրա երկու հարձակումներից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ՆԳՆ–ին։
«Մեր հիմնական առաջնահերթությունն այն է, որ երեխաները սովորեն անվտանգ և հանգիստ մթնոլորտում։ Այդ նպատակով մենք համակարգում ենք աշխատանքը այլ նախարարությունների հետ... Մեր դպրոցներում անվտանգության միջոցառումները ուժեղացվել են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ապրիլի 14-ին Շանլիուրֆա նահանգի դպրոցներից մեկում զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով մոտ 20 մարդ էր տուժել։ Հարձակվողը նախկին աշակերտն է եղել, նա ինքնասպանություն է գործել։
Ապրիլի 15-ին զինված միջադեպ տեղի ունեցավ նաև Ղահրամանմարաշի դպրոցներից մեկում։ Զոհվել է 9 մարդ՝ 8 աշակերտ և 1 ուսուցիչ։ Տուժել է 13 մարդ, որոնցից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, ընդ որում 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Հարձակվողը 8-րդ դասարանի աշակերտ է, որը ևս ինքնասպան է եղել։