ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իսրայելական ավիացիան երկու հարված է հասցրել Կասիմիա շրջանում գտնվող Լիթանի գետի վրայով անցնող կամրջին՝ այդպիսով կտրելով Տիր քաղաքի և Լիբանանի մնացած հատվածի միջև վերջին տրանսպորտային կապը։ Այս մասին հայտնում է NNA լիբանանյան ազգային գործակալությունը:
«Թշնամու մարտական ավիացիան երկու անընդմեջ հարված է հասցրել Կասիմիա կամրջին, որը Տիր և Սայիդա շրջանները կապող վերջին տրանսպորտային կապն է։ Արդյունքում կամուրջն ամբողջությամբ ոչնչացվել է», – գրում է գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կամրջին հասցված ավիահարվածներից առաջ իսրայելական ԱԹՍ–ները հարձակվել են տրանսպորտային միջոցների վրա, նախնական տվյալներով՝ մեկ մարդ է զոհվել։
Նախօրեին «Հզբոլլահի» ղեկավարությունը հայտարարել էր հրադադարի ռեժիմին համաձայնելու մասին՝ պայմանով, որ իսրայելական կողմը լիովին կպահպանի այն։ Ավելի ուշ Ynet պորտալը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը չորսժամյա նիստի ընթացքում որոշում չի կայացրել Լիբանանում հրադադարի վերաբերյալ։