ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի իրական հաշտեցման համար անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները: Այս մասին Ստամբուլում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը, ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովում, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ամրապնդել խաղաղությունը, առաջ մղել երկխոսությունը և իրական հնարավորությունների վերածել այն:
«Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն»,– ասել է նա:
X-ի իր էջում նա գրել է, որ ելույթի ընթացքում նշել է` հայկական կողմը պատրաստ է ամրապնդել Թուրքիայի հետ գործընկերությունը, կառուցել ապագա, որտեղ գերակշռում են կայունությունը, փոխկապակցվածությունը և համընդհանուր բարգավաճումը: