ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու մասին բանաձև է պատրաստել

Նախաձեռնությունը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի - Sputnik. ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի մասին բանաձև է պատրաստել և մտադիր է գործընթացը նախաձեռնել ապրիլի 22-ին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։
Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին։ Ընդ որում, ինչպես նշում է պորտալը, բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու հնարավորություն գրեթե չունի։
Փաստաթղթում ներառված է մեղադրանքների 6 կետ, այդ թվում՝ լիազորությունների չարաշահումը, հնարավոր ռազմական հանցագործությունները և այլ լուրջ խախտումներ: Մասնավորապես, Հեգսեթին մեղադրում են առանց Կոնգրեսի թույլտվության Իրանին հարվածներ հասցնելու, քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման, գաղտնի տեղեկատվության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի ու լիազորությունների չարաշահման մեջ:
Պենտագոնի խոսնակ Քինգսլի Ուիլսոնը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ դա ուշադրություն գրավելու փորձի է՝ ընդգծելով, որ գերատեսչությունը «կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարություններն Իրանում»:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ըստ առկա տվյալների՝ զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Հաջորդիվ Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները ավարտվել են անարդյունք։ Չնայած ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրությունների բացակայությանը՝ ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները։ Միջնորդները բանակցությունների նոր փուլ կազմակերպելու փորձեր են ձեռնարկում։