ՌԴ–ի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները կարևորել են ԱՄՆ–Իրան բանակցությունները

Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության պայմանները համաձայնեցնելու համար շահագրգիռ կողմերի միջև երկխոսություն կազմակերպելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Ընդհանուր կարծիք է արտահայտվել ԱՄՆ-ի և Իրանի միջև քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը Պակիստանի միջնորդությամբ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության պայմանները համաձայնեցնելու համար շահագրգիռ կողմերի միջև երկխոսություն կազմակերպելու հարցում։
«Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը տարածաշրջանում երկարատև կայունություն և անվտանգություն երաշխավորող պայմանների համաձայնեցման համար նաև հանդես են եկել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության օգտին՝ հիմնվելով այնտեղ գտնվող բոլոր պետությունների շահերի հավասարակշռության վրա։ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պատրաստ են նպաստել նման երկխոսության կազմակերպմանը», –նշել են ՌԴ ԱԳՆ–ից։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12–ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցան ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։
«Ես կարող էի նրանց մեկ օրում ոչնչացնել»․ Թրամփը կրկին սպառնում Է Իրանին
Կողմերը, ըստ հրապարակումների, բանակցությունների նոր փուլ կանցկացնեն կրկին Իսլամաբադում։