ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Այսօր` Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման վերջին փուլի ընթացքում, հայրենադարձվել են Ռուսաստանի Դաշնության 94 քաղաքացիներ, որոնք Իրանից Հայաստան են ժամանել Նուրդուզ–Ագարակ սահմանային անցակետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։
«Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների հարմարավետ տեղափոխման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
«Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը մի քանի անգամ գնդակոծության ենթարկվեց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12–ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցան ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։
Կողմերը, ըստ հրապարակումների, բանակցությունների նոր փուլ կանցկացնեն կրկին Իսլամաբադում։