Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու 4 առաջարկ է ներկայացրել. ԶԼՄ

Չինաստանի առաջնորդն իր առաջարկները ներկայացրել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնի հետ հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու չորս առաջարկ է ներկայացրել։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ Չինաստանի առաջնորդն իր առաջարկները ներկայացրել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Խալեդ բին Մուհամմեդ ալ Նահայանի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ առաջարկները, մասնավորապես, ներառում են խաղաղ համակեցության սկզբունքի պահպանումը, տարածաշրջանի երկրների ինքնիշխանության հարգանքը, միջազգային իրավունքի գերակայության պահպանումը ինչպես նաև անվտանգության ու զարգացման համակարգումը։
«Անհրաժեշտ է աջակցել Պարսից ծոցի պետություններին և ամբողջ Մերձավոր Արևելքին հարաբերությունների բարելավման գործում, խթանել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանի համար ընդհանուր, համապարփակ, համագործակցության վրա հիմնված, կայուն անվտանգության ճարտարապետությանը, ինչպես նաև ամրապնդել հիմքը խաղաղ համակեցության համար», – հայտարարել է Չինաստանի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև իսկապես հարգել Պարսից ծոցի պետությունների և ամբողջ Մերձավոր Արևելքի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պատշաճ կերպով պաշտպանել նրանց ժողովուրդների, ենթակառուցվածքների և հաստատությունների անվտանգությունը։
Ծինփինի խոսքով` պետք է նաև պաշտպանել միջազգային իրավունքի հեղինակությունը և թույլ չտալ, որ աշխարհը վերադառնա ջունգլիների օրենքին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: