ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել. Ռուբինյանը` գազի գնի հնարավոր թանկացման մասին

ԱԺ փոխնախագահի խոսքով` Հայաստանում գազի գնի թանկացման մասին ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժերը և նրանց ենթարկվող լրատվամիջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան մատակարարվող գազի գնի թանկացման վերաբերյալ որևէ ակնարկ չի արել։ Այս հայտարարությունն արեց ԱԺ փոխխոսնակ, ՔՊ–ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը հիշեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, Հայաստանը դուրս կգա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից, և հարցրեց Ռուբինյանին` ՀՀ–ն իսկապե՞ս նման քայլի կգնա, եթե գազի գինը թանկանա։

«Ինչի՞ պետք է գազի գինը թանկանա։ Այսինքն` դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը ինչ–որ պայմանավորվածություններ չպե՞տք է կատարի, թշնամական գործողություննե՞ր կատարի, ինչի՞ համար։ ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժերը և նրանց ենթարկվող լրատվամիջոցները»,–ասաց Ռուբինյանը։

Նա շեշտեց, որ թիրախավորելու է բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական միջոցները` ակնարկելով, որ այդ լրատվամիջոցները սպասարկում են ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ առաջացած որոշակի խնդիրներին` Ռուբինյանը շեշտեց, որ դրանք միշտ էլ եղել են, և տարիների ընթացքում ոչ մի կատաստրոֆա տեղի չի ունեցել։
«Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները և բնական է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ ենք համաձայնություն ունենալու»,–ասաց նա։
Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը