ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ապրիլի 13–ին «Հզբոլլահը» Իսրայելի դեմ 75 մարտական գործողություն է իրականացրել։ Այս մասին այսօր հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։
Շիական դիմադրության հաշվետվությունների համաձայն՝ օրվա ընթացքում Իսրայելի 22 հարձակման փորձ է հետ մղվել, սահմանից 20 կմ շառավղով գտնվող իսրայելական բնակավայրերի վրա 33 համակցված հարված է իրականացվել։ Բացի այդ, հարձակման են ենթարկվել Իսրայելի երկու բանակային բազաներ, վեց սահմանային հենակետեր և Իսրայելի հյուսիսում գտնվող 11 զորանոց։
«Իսլամական դիմադրության մարտիկները հրետանու կիրառմամբ գրոհել են Բայադա քաղաքում թշնամու ուժերի կուտակման վայրերը», – ասվում է շարժման հայտարարություններից մեկում։
Հիշեցնենք` մարտի 2–ի գիշերը Իսրայելը հայտարարել էր, թե «Հզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից վեց հրթիռ է արձակել, ինչին ի պատասխան իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել կազմակերպությանը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում։
Նույն օրը Լիբանանի կառավարությունն արգելել է «Հզբոլլահի» ցանկացած ռազմական գործունեություն։ Շարժման ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է իսրայելական ագրեսիային դիմադրել չցանկանալու մեջ։