Հարցաքննությունն ավարտվել է, Գոհար Ղումաշյանը ցուցմունք չի տվել․ փաստաբան

Փաստաբանների խոսքով՝ խափանման միջոցի հարց պետք է քննարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի հարցաքննությունն ավարտվել է, նրան մեղադրանք է առաջադրվել, նա հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ իրեն լավ չի զգում։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբաններից Արմեն Ֆերոյանը։
«Վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի՝ տանելու՞ է դատարան՝ կալանքի սանկցիայի, թե ոչ։ Խափանման միջոցի հարց պետք է քննարկվի»,- ասաց Ֆերոյանը։
Գոհար Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել բարեգործության արգելքի խախտման հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդված՝ Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)։ Նախկին դատավոր, ներկայում փաստաբան Վահե Միսակյանը նշեց, որ ներկայացված մեղադրանքը երկու դրվագով է։
«Գոհար Ղումաշյանը մեղադրանքը, բնականաբար, չի ընդունել։ Այս պահին գործ ունենք առավել քան անհրաժեշտ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու հետ, քանի որ նորածին երեխային երեք ժամը կերակրելու հարց կա, մեզ համար առաջնայինը հիմա սա է, իրավաբանության համար հետագայում անպայման ժամանակ կունենանք»,- ասաց Միսակյանը։
Նա հավելեց, որ նախաքննական մարմնի հետագա քայլերն այս պահին անկանխատեսելի են, սակայն ակնկալում են, որ մարդասիրական վերաբերմունք կցուցաբերվի կերակրող մոր հանդեպ։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին և կուսակցության Վայքի գրասենյակի ղեկավար Վերժինե Ստեփանյանին։ Կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կուսակցության երկու անդամների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն (ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)։