ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդելու է տնային կալանք կիրառել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- գրել է Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին և կուսակցության Վայքի գրասենյակի ղեկավար Վերժինե Ստեփանյանին։ Կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կուսակցության երկու անդամների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն (ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)։