Հայաստանի պիրամիդալ տնտեսությունը ենթակա է արագ փլուզման. Ադոնց

Տնտեսագետի խոսքով` եթե մեր երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, արդյունքում գազի գները կբարձրանան, իսկ դա նշանակում է դանակով խփել փուչիկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2026 թվականին էներգակիրների գների բարձրացման hետևանքով բավականին բարձր գնաճ կլինի, որն էլ իր հերթին կբերի բնակչության ծախսերի ավելացման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը` անդրադառնալով Համաշխարհային բանկի վերջին հետազոտությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Համաշխարհային բանկը Հարավային Կովկասի երկրների համար 2026 թվականին 2025 թ. հետ համեմատ կանխատեսել է, որ ՀՆԱ–ի միջին աճը կդանդաղի 3․9–3․4%–ի միջակայքում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ 2026 թ․ տնտեսական աճը կնվազի մինչև 5․3 %։ ՀԲ–ն իր զեկույցի մեջ նշում է, որ Մերձավոր Արևելքում սկսված հակամարտությունն իր բացասական ազդեցությունը կունենա նաև ներդրումային ծրագրերի վրա:
Ադոնցը հաստատում է այս կանխատեսումը և միաժամանակ հիշեցնում, որ բանկերը հիմնականում վարկավորում են շինարարության ոլորտը, իսկ արդյունաբերական վարկերը շատ չնչին տոկոս են կազմում։ Տնտեսագետը վստահ է` վաղ թե ուշ շինարարության ոլորտում ևս պահանջարկը կնվազի` կրկին պայմանավորված գնաճով, երբ մարդիկ ի վիճակի չեն լինի կատարել նոր բնակարանի համար անհրաժեշտ ծախսերը։
«Հայաստանի տնտեսությունը պիրամիդալ տնտեսություն է, որը արագ փլուզման ենթակա է։ Տնտեսական աճը մեր երկրում հիմնականում պայմանավորված է նրանով, թե որքան պետական պարտք ենք ունենում տվյալ տարում։ Այն հիմականում ներդրվում է կրկին շինարարության ոլորտում, ունենում արագ շրջանառություն` ապահովելով լրացուցիչ տնտեսական աճ, որին որոշ չափով նպաստում է նաև տուրիզմը։ Հետևաբար, Հայաստանի տնտեսական աճը ժամանակի ընթացքում կամաց–կամաց ներքև է իջնելու. այս համակարգի պիրամիդան չի կարելի ուղղակի կանգնեցնել. այդ «նասոսը», որը կոչվում է շինարարություն և փչում է մեր տնտեսական փուչիկը, չի կարելի անմիջապես կանգնեցնել, այլապես այն կփլվի, կպայթի»,– նշեց Ադոնցը։
Ըստ նրա` եթե մեր երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, արդյունքում գազի գները կբարձրանան, իսկ դա նշանակում է դանակով խփել այդ փուչիկին։
«Էներգակիրների գների աճն անպայման կանդրադառնա ապրանքների գների վրա, որն իր հերթին կբերի մարդկանց գնողունակության անկման։ Սա այն դեպքում, երբ մարդկանց եկամուտները մնում են նույնը։ Ուղղակի տեղի կունենա տնտեսական անկում»,– վստահեցրեց տնտեսագետը։
Նրա հաշվարկներով` եթե այս ամենին զուգահեռ նաև թուլանա դրամի փոխարժեքը, այդ ժամանակ մեր պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը կտրուկ կաճի, որի արդյունքում մեզ էլ ոչ մեկ պարտք չի տա, օրինակ` պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար։
Նշենք, որ Համաշխարհային բանկից զգուշացրել են նաև` արտաքին ռիսկերը կարող են տարածաշրջանի երկրներին ստիպել վերանայել բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը։