Թշնամանքը թշնամանք է ծնում․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողման մասին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի շրջափակել իրանական նավահանգիստների մեջ մտնող և դուրս եկող նավերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողմանը և իրանական նավահանգիստներն արգելափակելու ԱՄՆ-ի սպառնալիքին:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցությունների արդյունքում:
Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, սակայն երկու-երեք կարևոր հարցերի շուրջ կարծիքները բաժանվել են, ինչի պատճառով համաձայնություն ձեռք չի բերվել:
«Վերջին 47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով վերջ դնել պատերազմին։ Բայց երբ «Իսլամաբադի Փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը մնացել էր ընդամենը մեկ քայլ, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, նպատակների փոփոխության և ԱՄՆ-ի կողմից շրջափակման»,- նշել է Արաղչին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ոչ մի դաս չի քաղել։ Հավելել է՝ բարի մտադրություններն առաջացնում են բարի մտադրություններ, իսկ թշնամանքը ծնում է թշնամանք։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի շրջափակել իրանական նավահանգիստների մեջ մտնող և դուրս եկող նավերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը բանակցել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։