ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանի նավահանգիստների արգելափակումը բացասաբար կանդրադառնա Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ու Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցություններում։ Իրանի ԱԳՆ–ն իր հերթին հայտարարել էր, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, սակայն երկու-երեք կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, ինչի պատճառով համաձայնության չեն հասել։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կսկսի արգելափակել Իրանի նավահանգիստներ ելումուտ անող նավերը։
«Եթե Պարսից և Օմանի ծոցերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստները վտանգի տակ հայտնվեն, Պարսից ծոցի և Օմանի ծոցի ոչ մի նավահանգիստ անվտանգության մեջ չի լինի», – ընդգծել է Զոլֆաղարին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։