Իսրայելական ԱԹՍ–ն Լիբանանի հարավում հարվածել է Կարմիր խաչի բրիգադին, 1 մարդ մահացել է

Առաքելությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ շփումներ են եղել ՄԱԿ-ի խաղաղապահների հետ՝ երթուղու պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իսրայելական ԱԹՍ–ն Լիբանանի հարավում հարվածել է Կարմիր խաչի բրիգադին, բուժաշխատողներից 1–ը մահացել է, ևս 1-ը` վնասվածքներ ստացել։
«Կիրակի՝ ապրիլի 12-ին, Բեյթ Յահուն (Բինտ Ջբեյլ շրջան) տանող ճանապարհի մոտ մարդասիրական առաքելությունն իրականացնելիս մեր բրիգադը անմիջական հարձակման է ենթարկվել իսրայելական անօդաչուի կողմից։ Հարձակման զոհ է դարձել բուժակ Հասան Բադավին, ևս մեկ բուժաշխատող թեթև վնասվածք է ստացել և տեղափոխվել Թեբնինի պետական հիվանդանոց», – ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նշել է, որ առաքելությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ համակարգող շփումներ են եղել ՄԱԿ-ի խաղաղապահների հետ՝ երթուղու պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ–ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Շիական դիմադրությունը վերսկսեց մարտերը, երբ Իսրայելը զանգվածային հարված հասցրեց Բեյրութին և Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին: