Իրանը բավարար հրթիռներ և ԱԹՍ–ներ ունի հետագա մարտական գործողությունների համար. պաշտոնյա

Ապրիլի 11-ին Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանը բավարար քանակությամբ հրթիռներ և ԱԹՍ-ներ է պատրաստել հետագա մարտական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայինիկը` ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի բացակայության ֆոնին։
«Զինված ուժերի ռազմավարական պաշարները հրթիռային ներուժի, անօդաչուների հնարավորությունների, զինամթերքի և այլ տեսակի սպառազինությունների առումով ապահովված են այնպես, որ հնարավորություն լինի շարունակել արդյունավետ հարձակողական և պաշտպանողական գործողությունները՝ հակառակորդներին հետագա պարտության մատնելու համար»,- ասել է նա իրանական SNN հեռուստաալիքին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։