Ֆիդանը կարծում է, որ Իրանից հետո Իսրայելի թիրախում կարող է հայտնվել Թուրքիան

Նախարարը նշել է` Իսրայելում ձևավորվող հռետորաբանության շրջանակում փորձում են Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելն առանց թշնամու չի կարող գոյություն ունենալ և Իրանից հետո բախման համար նոր թիրախ է փնտրելու։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Թուրք նախարարը նշել է` տարածքի ընդլայնումը միշտ եղել է Իսրայելի նպատակներից մեկը։
Ֆիդանի խոսքով` Իսրայելում ձևավորվող հռետորաբանության շրջանակում փորձում են Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։ Նման հայտարարություններ են հնչում ոչ միայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այլև իսրայելական ընդդիմության մի շարք ներկայացուցիչների շուրթերից։
Ըստ Ֆիդանի` Իսրայելը ոչ թե անվտանգության է ձգտում, այլ ավելի մեծ տարածքի, և այդ զավթողականությունը ներկայացնում է որպես անվտանգության անհրաժեշտություն։
Անդրադառնալով Իրանի դեմ հակամարտությանը`Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Նա նաև հնարավոր է համարել մոտ ապագայում Հորմուզի նեղուցի հարցի լուծման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Ֆիդանի, դրա կարգավորման մեջ նորամուծություններ կարող են լինել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։