Եկեք Հայաստան, մասնակցեք ընտրություններին․ սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի կոչը

Խորհրդաժողովի մասնակիցները դատապարտել են ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը Հայ եկեղեցու դեմ, համախմբման կոչ արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Անհրաժեշտ է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ գտնվելու վայրից, իրենց միջոցներով գան Հայաստան ու մասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ «ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը փոխելն ու պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ հաստատելն օրակարգային են»։ Այս մասին նշված է Փարիզում ապրիլի 11-12-ը կայացած սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովում ընդունված կոչ-հայտարարության տեքստում։
«Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ և վանողական մոտեցումները»,- նշված է հայտարարության մեջ։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Արցախյան հիմնահարց, ազգային ինքնության և հայ եկեղեցու պահպանում, Հայաստանի պետականության հզորացում, Հայաստան-սփյուռք ռազմավարական գործակցություն․ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 մտավորական, քաղաքական, հանրային և համայնքային գործիչների մասնակցությամբ խորհրդաժողովի ընթացքում առանձնացվել են հիմնական առաջնահերթություններն ու սահմանվել նպատակներ։
ՀՀ–ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան. փոխնախարար
Խորհրդաժողովի բացմանը տեսաուղերձ են հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը:
Ընդգծվել է, որ այսօր, երբ հայկական պետականությունն անվտանգային լուրջ սպառնալիքների առջև է և թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյուները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը: Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը և նպատակները անքակտելի են։
Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.
Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման և անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում եւ գործադրում:
Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման գործընթացը մնում է հրամայական:
Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգում, այդ թվում՝ գերիների անհապաղ ազատ արձակում, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և այլն։
Խորհրդաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է արվել ազգային արժեքների և հայ եկեղեցու դերին սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման համար։ Ընդգծվել է, որ ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, շարունակում է մնալ ոչ միայն հոգևոր խարիսխ, այլև հայ ժողովրդի ազգային և հոգևոր ինքնության հիմնաքար։
Խորհրդաժողովի մասնակիցները դատապարտել են ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ, համախմբման կոչ արել։
«44-օրյա, ինչպես նաև Արցախի վերջին պատերազմներից և հայաթափումից հետո Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն և հուսախաբություն, որի հետևանքները նկատելի են սփյուռքի՝ հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված սփյուռքն անտեսելու, պառակտելու և հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Միաժամանակ, խորհրդաժողովի մասնակիցները մտահոգված են ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքով՝ Միջին Արևելքում ծանր պայմաններում գտնվող հայկական գաղութների հանդեպ։
Խորհրդաժողովը նպատակ է սահմանել վերականգնել և որակական նոր մակարդակի բարձրացնել ինստիտուցիոնալ կապերը սփյուռքի հետ, ապահովել սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական զանազան նախագծերում և օղակներում՝ պատասխանատվություններ ստանձնելու հեռանկարով և այն։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։