ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարություններ են արել Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Թրամփը ԱՄՆ ՌԾՈւ-ին հանձնարարել է հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք Իրանին վճարել են նեղուցով անցնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ն ծանուցել է Հորմուզի նեղուցում սահմանվող միջոցառումները խախտող նավերի հնարավոր առգրավման մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«ԱՄՆ-ն տարածաշրջանի նավերի համար ծանուցում է հրապարակել, որում ասվում է, որ իրենք կանգնեցնելու, ուղղությունը փոխելու կամ առգրավելու են այդ նավերը», - ասված է հրապարակման մեջ:
Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում այլ տերությունների ցանկացած միջամտություն կհանգեցնի էներգետիկայի ոլորտում ճգնաժամի և անկայունության սրմանը, հայտնում է Reuters-ը։
Անանուն պաշտոնյան նաև հավելել է, որ ԱՄՆ-ը կձախողվի Հորմուզի նեղուցում ռազմական միջամտության ցանկացած փորձի հարցում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։