ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները զատկական հրադադարից ի վեր 258 անգամ գնդակոծել են ՌԴ սահմանային տարածքները և ՌԴ ԶՈւ դիրքերը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները 258 անգամ կրակ են բացել Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքների և մեր զորքերի դիրքերի վրա՝ օգտագործելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային թնդանոթներ, տանկեր և ականանետներ, 1329 հարված են հասցրել FPV անօդաչու թռչող սարքերով, 375 անգամ արձակել են տարբեր զինամթերք, այդ թվում՝ 67-ը՝ օկտոկոպտերային տիպի, 15-ը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ-ի՝ այդ խախտումներն արձանագրվել են հրադադարի սկզբից մինչև կիրակի ժամը 08:00-ն:
Նշվում է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը երեք անգամ հարձակվել են ՌԴ ԶՈւ դիրքերի վրա։
«Չնայած զատկական հրադադարի ռեժիմի հայտարարությանը՝ Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները գիշերային ժամերին երեք անգամ գրոհել են ռուսական զորքերի դիրքերը Պոկրովսկոյե շրջանից՝ Դնեպրոպետրովսկի մարզի Գայ (երկու անգամ) և Օտրադնոյե բնակավայրերի ուղղությամբ։ Բոլոր հարձակումները հետ են մղվել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ուկրաինական զորքերը երկու անօդաչու թռչող սարք են կիրառել Կուրսկի և Բելգորոդի մարզերում, վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխա:
Նշենք, որ ապրիլի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարվել ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը: