ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի — Sputnik. Սաուդյան Արաբիան վերականգնել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են 600 հազար արտադրական հզորությունների կորստի, ասվում է թագավորության էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով խաթարվել է Սաուդյան Արաբիայում մի շարք կարևոր էներգետիկ օբյեկտների աշխատանքը: Այդ թվում՝ վնասվել է նավթատարի պոմպակայանը՝ արևելյան հանքավայրերից թագավորության արևմուտք նավթ մղելու համար, ինչը հանգեցրել է օրական մոտ 700 հազար բարել նավթի կորստի։
«Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է Արևելք-Արևմուտք խողովակաշարով նավթի լրիվ հոսքը վերականգնելու տեխնիկական և գործառնական ջանքերի հաջողության մասին, որը հասել է օրական մոտավորապես յոթ միլիոն բարելի», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Այն նաև տեղեկացրել է, որ Մունիֆի հանքավայրում նավթի արդյունահանումը վերադարձել է նախկին մակարդակին հակամարտության հետևանքով կորցրած օրական 300 հազար բարել արդյունահանման ծավալի վերականգնումից հետո:
«Արևելք-Արևմուտք» խողովակաշարը Սաուդյան Արաբիայի արևելյան նավթահանքերից նավթը տեղափոխում է թագավորության արևմուտքում գտնվող Յանբու նավահանգիստ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։