Իրանում նշել են նավթավերամշակման գործարանի հզորության մինչև 80% վերականգնման ժամկետները

Նավթավերամշակման գործարանի հզորությունը 100%-ով կվերականգնվի միջնաժամկետ հեռանկարում, նշել է իրանցի պաշտոնյան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի — Sputnik. Իրանը մեկ-երկու ամսվա ընթացքում կկարողանա վերականգնել իր նավթավերամշակող ձեռնարկությունների հզորության մինչև 70-80%-ը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ նավթի փոխնախարար Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարը։
«Նավթի վերամշակման վնասված օբյեկտների մեծ մասում 1-2 ամսվա ընթացքում մենք կկարողանանք վերադառնալ նախկին հզորության 70-80%-ին, իսկ հետագայում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, մենք կկարողանանք վերականգնել հզորության մինչև 100%-ը», - հայտարարել է Ազիմիֆարը, որի խոսքը մեջբերում է SNN հեռուստաալիքը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։