ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Իրանում ավելի քան 400 բժշկական կենտրոն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտարարել է Իրանի շտապ օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը։
«Ինչ վերաբերում է առողջարարական ենթակառուցվածքին հասցված վնասին, թվերը գերազանցում են 400 (բժշկական-խմբ.) կենտրոնները»,- նրա խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը հայտնել էր, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր Իրանում վնասվել է ավելի քան 20,000 առևտրային օբյեկտ և ձեռնարկություն, 338 բժշկական կենտրոն և 857 կրթական հաստատություն։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։