ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում ձայների 60,24 տոկոսի հաշվարկից հետո Պետեր Մադյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 136-ը, վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդեսը»՝ 56-ը, հայտնում է RT-ն:
Օրբանը կողմնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները ցավալի են «Ֆիդեսի» համար: Կուսակցությունը կշարունակի ծառայել հայրենիքին և հունգարական ազգին ՝ գտնվելով ընդդիմության մեջ, ընդգծել է նա։
Վիկտոր Օրբան
© REUTERS / Lisi Niesner
Հավելենք, որ այս անգամ ընտրություններին մասնակցությունը ռեկորդային բարձր է եղել՝ գերազանցելով 2022 թ․ ցուցանիշները։ Ժամը 17-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 74,23%-ը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով ընտրվելու են 199 պատգամավոր։ Քվեարկելու իրավունք ունեն ավելի քան ութ միլիոն քաղաքացիներ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Խորհրդարան անցնելու համար պետք է կուսակցությունը ստանա ընդհանուր ձայների առնվազն 5 տոկոսը։
Հիմնական մրցակցությունը երկու ուժերի միջև էր՝ մի կողմից Օրբանն է, որի գլխավորած կառավարությունը փետրվարին արգելափակել էր ԵՄ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը: Դա տեղի է ունեցել ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման։ Բուդապեշտը դա քաղաքական շանտաժ է համարել ընտրություններից առաջ:
Պետեր Մադյար
© REUTERS / Leonhard Foeger
Մյուս կողմից նրա գլխավոր մրցակցի՝ Մադյարի արևմտյան կողմնորոշումն է, որն ուղղված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը։
Պաշտոնական Բուդապեշտը բազմիցս կրկնել է, որ Կիևը ակտիվորեն միջամտում է նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության բերի ընդդիմադիր ուժերին՝ «Տիսա» կուսակցության առաջնորդ Մադյարի գլխավորությամբ, որը հավանություն կտա Ուկրաինայի ֆինանսավորմանը և նրա արագացված անդամակցությանը Եվրամիությանը: