Արթուր Դավթյանը դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամները արդեն 1 ոսկե և 1 բրոնզե մեդալներ էին նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 34-ամյա Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
Հենացատկի վարժության եզրափակչում նա վաստակել է 14.583 միավոր:
Նշենք, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չէր մասնակցել փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին։ Ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցակացված աշխարհի գավաթի երկրորդ փուլում Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը բաց է թողել գավաթի 2026 թ. առաջնության 6 փուլերից երկուսը՝ Բաքվում և Անթալիայում (վերջինիս դեպքում հավաքականը չէր կարողանում վերադառնալ Կատարից- խմբ․)։ Դոհայում նախատեսված աշխարհի գավաթի փուլն էլ չեղարկվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 28-ամյա Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց օղակների վարժությունում և դարձավ 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր։ Նույն օրը Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճեց։