ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Զատկի հրադադարի ժամանակ հարվածել են Կուրսկի և Բելգորոդի մարզերին:
«Այսօր թշնամական անօդաչուն հարձակվել է Լգով քաղաքի լցակայանի վրա։ Նախնական տեղեկություններով՝ տուժել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա։ Նա գլխի բեկորային վնասվածք ունի։ Թշնամու նենգ հարվածը գրանցվել է ժամը 16:00-ից հետո»,- MAX սոցիալական ցանցում գրել է Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Տուժել են նաև երեխայի մայրը և մի քաղաքացիական անձ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ն ավտոմեքենայի է հարվածել, ինչի հետևանքով մի տղամարդը բարոտրավմա է ստացել։ Գրայվորոնում ԱԹՍ-ի պայթյունից տուժել է մի կին։
Նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի հրադադարն ուժի մեջ է մտել այսօր` ժամը 16:00-ին, և գործելու է մինչև վաղվա օրվա ավարտը։ Մոսկվան կարծում էր, որ Կիևը կհետևի օրինակին և կդադարեցնի մարտական գործողությունները։ Միաժամանակ զորքերին հանձնարարվել է պատրաստ լինել հակառակորդի հնարավոր սադրանքներին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին պնդել էր, որ Ուկրաինան պահպանելու է կրակի դադարեցման ռեժիմը։
Նախորդ տարի ևս Ռուսաստանը Զատկի հրադադար էր հայտարարել, որը Կիևի վարչակարգի ղեկավարն իբր ընդունել էր։ Հրադադարի ավարտից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ուկրաինական կողմից ավելի քան 4900 խախտման մասին։