ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանում շիական «Հզբոլլահ» շարժման 200 օբյեկտ է խոցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է «Հզբոլլահի» 200 ահաբեկչական օբյեկտ Լիբանանում: Իսրայելական ՌՕՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել «Հզբոլլահի» ենթակառուցվածքներին և օգնել ցամաքային ուժերին Լիբանանի հարավում»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ իսրայելական բանակը շարունակում է գրոհել շարժման արձակման կայանքները:
Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ–ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրումներից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Շիական դիմադրությունը վերսկսեց մարտերը, երբ Իսրայելը զանգվածային հարված հասցրեց Բեյրութին և Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին: