Իրանից ևս 312 ձկնորս է տարհանվել Հնդկաստան. Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին

Արարատ Միրզոյանը պատասխանել է Հնդկաստանի արտգործնախարարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իրանից Հայաստանի տարածքով ևս 312 հնդիկ ձկնորս է տարհանվել Հնդկաստան։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այդ մասին գրառում է արել X–ում և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։
Ապրիլի 4-ին Ջայշանկարը նույն սոցցանցում գրել էր, որ Իրանից Հայաստանի տարածքով ձկնորսներ են տարհանվել։
«Եվս 312 հնդիկ ձկնորսներ Իրանից Հայաստանի տարածքով անվտանգ տարհանվել են Հնդկաստան։ Դա հնարավոր դարձնելու համար շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը և իմ ընկերոջը՝ Արարատ Միրզոյանին»,- ասված է Ջայշանկարի այսօրվա գրառման մեջ։
Միրզոյանը պատասխանել է նրան։
«Իմ սիրելի ընկեր, Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամությունը միշտ էլ ամուր է եղել, այդ թվում` ճգնաժամի ժամանակ, և ես վստահ եմ, որ մենք դեռ ականատես կլինենք այս գործընկերության բազմաթիվ դրսևորումների»,– գրել է ՀՀ արտգործնախարարը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։