- Մամուլում հրապարակումներ կան, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը ընտրություններից առաջ միտումնավոր ձգձգվում է` կապված նրանց ընդդիմադիր հայացքների հետ։ Իրականում դանդաղում կա՞ գործընթացում։
- Որոշակի դանդաղում կա։ Բայց, բնականաբար, պայմանավորված է ոչ թե նախընտրական ժամանահատվածով, այլ այն հանգամանքով, որ մենք գործարկել ենք նոր ծրագրային ապահովում։ Հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային ենք ընդունում և էլեկտրոնային ենք վարում բոլոր դիմումները, կուլիսային, միջգերատեսչական ստուգումների պրոցեսը ևս տեղափոխվել էլեկտրոնային հարթակ, և օբյեկտիվորեն մեր համակարգը ծանրաբեռնվել է այնքան, որ մենք 4 ամսում արդեն ստացել ենք այնքան դիմում, որը այլ հավասար պայմաններում սպասարկում ենք 1 տարում։ Բայց մենք արդեն մոտ ենք այն իրավիճակին, որ վերադառնում ենք արագացված ռեժիմով քննելու ընթացակարգին, և ես չեմ բացառում, որ հենց այսօր էլ, եթե տեղահանված անձը որոշում կայացնի ստանալ քաղաքացիություն և մասնակցել ընտրություններին, նա կհասցնի։ Այս պահի դրությամբ մեր տիրույթում եղած բոլոր գործերը մինչև ընտրությունները ստանալու են իրենց արդյունքները, իսկ մենք ունենք 0 մերժման դեպք։
- Ներկա պահին արցախցիներից քանի՞սն են արդեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
- 36 000-ին մոտ թիվ ունենք, որից 12 000-ը անչափահասներ են. իրենք անձնագրավորման եղանակով են ստանում քաղաքացիություն։ Ասեմ նաև, որ մենք հունվարին ունեցել ենք 1250 տեղահանված անձի քաղաքացիության շնորհման ցուցանիշ, փետրվարին ունեցել ենք 1600, իսկ մարտին ունեցել ենք 1850։ Այսինքն՝ այս ցուցանիշները ևս այն մասին են, որ գնալով մեծանում է մեր թողունակությունը, մեր տեմպերը վերականգնում ենք, և հերքումն է միաժամանակ այն բանի, որ դիմումների ընթացքը կասեցված է։
- Իսկ ընթացքի մեջ է 6 7000 դիմո՞ւմ։
- Այո՛, նույնն է թիվը։
- Ընտրողների շրջանում կասկածներ կան նաև արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքի վերաբերյալ։ Ճիշտ է` արդեն մի քանի տարի է` արտասահմանում ընտրատեղամասեր չեն բացվում, բայց, այնուամենայնիվ, մարդիկ դեռ հարցնում են՝ իրենք ընտրելո՞ւ են, թե՞ չեն ընտրելու այս ընտրություններում։
- Իրենք կընտրեն, եթե քվեարկության օրը լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ արտերկրից քվեարկելու հնարավորություն ունեն միայն դիվանագիտական ծառայություն իրականացնողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Դա ոչ թե ընտրատեղամաս է դեսպանությունում, այլ քվեարկության էլեկտրոնային ձև է։ Եվ եթե դիվանագիտական ծառայության մեջ գտնվող անձը չի մասնակցում էլեկտրոնային քվեարկությանը, որն ավելի վաղ է կազմակերպում, քան բուն քվեարկության օրը, նա դեռ հնարավորություն ունի քվեարկության օրը վերադառնալու Հայաստան և իր ընտրելու իրավունքն իրացնելու։ Քվեարկությանն էլեկտրոնային տարբերակով կարող են մասնակցել նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արտերկիր գործուղված ծառայողները։
- Տեղեկություններ կան, որ համայնքային ոստիկաններն են շրջում շենքերում, ճշտում են այս կամ այն հասցեում բնակվող և հաշվառված անձանց իրական թիվը։ Որքանո՞վ է սա իրավաչափ և ի՞նչ նպատակ է հետապնդում։
- Միանգամայն իրավաչափ է։ Համայնքային ոստիկանը հենց համայնքի հետ շփվելու համար է, և նմանօրինակ ճշգրտումներ կատարելը ուղիղ նրա լիազորության տիրույթում է։ Մենք էլ շարունակաբար ստանում ենք տարբեր ահազանգեր, դիմումներ, մտահոգություններ։ Հատկապես խմբային գրանցումների ահազանգեր են հնչում, ինչը ևս իրավաչափ է։ Նշեմ, որ մենք չունենք, օրինակ, բնակելի տարածքի մակերեսով պայմանավորված հաշվառման ենթակա անձանց սահմանափակում։ Այսինքն` սեփականատերը իրեն պատկանող տարածքում կարող է գրանցել անսահմանափակ թվով անձանց։ Եվ եթե այս կամ այն անձը նման որոշում է կայացնում, դա կարող է հանրությանը տարօրինակ թվալ և կարող է ինչ-որ կերպ կապվել ընտրական գործընթացների հետ։ Այո՛, մենք խորհուրդ ենք տալիս այդ պայմաններում հետաքրքրվել, թե երբ են այդ հաշվառումները կատարվել, որովհետև, որպես կանոն, տարիների վաղեմություն են ունենում, բայց կապվում են այս կամ այն ընտրության հետ։ Մենք ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ շատ-շատ ենք առնչվում այս հարցին։ Համայնքային ոստիկաններն այս ահազանգերի հետքերով են գնում՝ պարզելու` իրավաչա՞փ են արդյոք հաշվառումները, կա՞ն մտահոգիչ իրավիճակներ, թե՞ ոչ։
- Հունիսի 7–ին նախանշված խորհրդարանական ընտրություններին այս պահի դրությամբ պոտենցիալ թեկնածուներից քանի՞սն են ձեր ծառայությունից վերցրել գրանցման համար անհրաժեշտ` ՀՀ քաղաքացիության և ՀՀ–ում բնակության մասին տեղեկանքը։
- Վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարին ՀՀ–ում մշտական բնակություն ունենալու վերաբերյալ 890 տեղեկանք ենք արդեն տվել։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ սա մեր ընդունած դիմումների թիվն է, որոնց գերակշիռ մեծամասնությունը տեղեկանք ստացել է։ Որոշ դեպքերում մենք մերժել ենք, որովհետև կա՛մ բնակության ցենզը չի համապատասխանել, կա՛մ հայտնաբերել ենք այլ պետության քաղաքացիություն։
- Հնչեղ անուններ կա՞ն մերժվածների մեջ։
- Դրանք տվյալներ են, որոնք հրապարակել չեմ կարող։ Նշեմ, որ տարածված իրավիճակ է, երբ թեկնածուն նշում է, որ այլ պետության քաղաքացիությունը դադարեցված է, և մենք դա ճշտելու համար մեր սեփական ռեսուրսով պետք է հարցում ուղարկենք տվյալ պետություն։ Նման հարցումների պատասխանները ստանալը ամիսներ է տևում, և միակ տարբերակն ընտրությունների ժամկետի մեջ տեղավորվելու այն է, որ անձը ինքն իր հետ բերի այդ տեղեկանքը, որտեղ նշված է, որ այսինչ ամսաթվով քաղաքացիությունը դադարեցվել է։
- Փետրվարին հրապարակվեցին տվյալներ, որոնց համաձայն` առաջիկա ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 489 031 է։ 2 ամիս անց այս թիվը փոխվե՞լ է։
- Մենք, իհարկե, շարունակում ենք ամենօրյա ռեժիմով մեր ճշգրտման աշխատանքները, և այդ թիվն ամեն օր փոփոխվում է։ Բայց նոր թիվ այլևս չենք հրապարակելու։ Միանգամից ընտրողների ցուցակներն ենք հրապարակելու։ Դա լինելու է նախնական ցուցակների տեսքով, հաստատված ժամանակացույցի համաձայն` քվեարկության օրվան նախորդող 41-րդ օրը` ապրիլի 27-ին։ Այդտեղ, արդեն, իհարկե նոր թիվ կլինի։
- 2021 թ․-ին ընտրողների թիվը եղել է 2 593 572, այսինքն՝ մինչև 2026 թ․-ն շուրջ 100 000-ով թիվը նվազել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված, հատկապես, որ այդ ընթացքում նաև Արցախից բռնի տեղահանվածներն են Հայաստան եկել, շատերն արդեն քաղաքացիություն են ստացել։
- Դա պայմանավորված է հաշվարկի մեթոդաբանության փոփոխությամբ, որն ամրագրված է Ընտրական օրենսգրքով։ Նախորդ ընտրություններին` 2021 թ․-ին, հաշվել էին 18 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ իրենց ունեցած փաստաթղթից և դրա վավերականությունից։ 2026–ին ընտրողների թվում հաշվվում են 18 տարին լրացած միայն այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը կա՛մ ընթացքի մեջ է, կա՛մ լրացած է, բայց քվեարկության օրվա համեմատությամբ չի անցել լրանալուց ավելի քան 6 ամիս։ Այսինքն՝ եթե մենք պահպանեինք նախկին մեթոդաբանությունը, իսկապես ավելի մեծ թիվ կունենայինք։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Նելլի Դանիելյանի հեղինակային De Jure հաղորդաշարի եթերում։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Նելլի Դանիելյանի հեղինակային De Jure հաղորդաշարի եթերում։