Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք Եվրամիությունում. Էստոնիայի ԱԳ նախարարը` Միրզոյանին

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, Ցահքնան ասաց, որ այն էլ ավելի է ընդլայնելու գործնական համագործակցությունը երկու երկրների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հույժ կարևոր է, և ժողովրդի բարեկեցության և բիզնես ոլորտի բարագավաճման համար ստեղծված հնարավորությունները, ճանապարհային միջանցքների բացումը խաղաղության նախապայմաններն են։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
«Այս ուղղությամբ իրական, գործնական քայլեր մենք տեսնում ենք։ Իրականում սա հսկայական աշխարհաքաղաքական փոփոխություն է, և դա ոչ միայն հայ ժողովրդի համար է, այլև տարածաշրջանի համար։ Մենք ուզում ենք դրա մի մասը լինել` աջակցելով այդ ծրագրերին մեր փորձառությամբ և գիտելիքով, ինչպես նաև ձեզնից սովորել»,– ընդգծեց Ցահքնան։
Նա նշեց, որ որպես ԱԳ նախարար` սա իր արդեն 2–րդ այցն է, թեև նախկինում էլի եղել է Հայաստանում։
«Մենք սիրում ենք հայ ժողովրդին, քանի որ դուք մեզ շատ մոտ եք, միգուցե պատմականորեն է այդպես, և մենք նույն բարգավաճ ապագան ունենք»,– նշեց էստոնացի նախարարը։
Նա ընդգծեց, որ ուրախ է Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացման որոշման համար, և այն խորհրդանշական բնույթ չի կրում, քանի որ իրենց դեսպանը շատ սրտացավ է աշխատում։
ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, Ցահքնան ասաց, որ այն էլ ավելի է ընդլայնելու գործնական համագործակցությունը երկու երկրների միջև։
Նա նշեց, որ Հայաստանի հետ արդեն իսկ ունեն շատ լավ համագործակցություն ՏՏ–ի, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում, սակայն միևնույն ժամանակ Էստոնիան Հայաստանի խորհրդատվության կարիքն ունի միջուկային էներգետիկայի ոլորտում։
«Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, մենք ձեր լավագույն ընկերն ենք Եվրամիությունում։ Մենք ձեզ հետ ենք։ Մենք գիտենք բոլոր միջացքները` ինչպես կարելի է նավարկել։ Մենք գիտենք նաև կարճ ճանապարհները»,– ասաց Էստոնիայի ԱԳ նախարարը` ավելացնելով, որ մեծ ջանքեր են գործադրում իրենց կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ։
Հիշեցնենք` ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերին։