Ինչպես է ապրում Ստեփանավանի ԲԿ–ում ծնված 7–րդ երեխայի ընտանիքը

Առաջիկայում ընտանիքը պատրաստվում է գյուղմթերքի սեփական արտադրանք ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Լոռու մարզում 7-րդ երեխային լույս աշխարհ բերած ծնողների ամենամեծ զավակը մոտ 15 տարեկան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Լոռի Բերդ համայնքի Յաղդան գյուղի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան։ Փոքրիկն ունի 2 700 գրամ քաշ և 48 սմ հասակ։ Ծնողները նրան Անի են անվանել։
«Հայրը Արման Գալստյանն է, մայրը՝ Մարինե Օխոյանը, ընտանիքում երեխաներից 6-ն աղջիկ են, 1-ը՝ տղա։ Արմատներով Եղվարդից է, տարիներ առաջ տեղափոխվել են Յաղդան, առաջին 2 երեխան՝ մեծ աղջիկը և ընտանիքի միակ տղան, ծնվել են հենց այստեղ։ Դրանից հետո տեղափոխվել են Երևան, բայց բնակարանում ապրել են սկեսուրը, սկեսրայրը, ամուսիններն ու 6 երեխաները, նեղվածք է եղել։ 2023 թվականին որոշել են կրկին գալ Յաղդան ու բնակություն հաստատել այստեղ։ Մերը հունական գյուղ է, հույներից մեկին խնդրել ենք, իր տունն անվճար տրամադրել է, որ բազմազավակ ընտանիքն ապրի»,- ասաց Ջանջուղազյանը։
Վարչական ղեկավարի խոսքով` Արման Գալստյանը Երևանում էլ է աշխատում, բայց սեզոնից ելնելով` աշխատանքներ է անում նաև կոլեկտիվ տնտեսությունում։ Մարինե Օխոյանը տնային տնտեսուհի է։ Այժմ ավագ դուստրը սովորում է Երևանի քոլեջներից մեկում, տղան՝ Յաղդանի կողքի գյուղերից մեկի ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Մյուսները հաճախում են Յաղդանի հիմնական դպրոց։
Վարչական ղեկավարը Գալստյաններին բնութագրեց որպես մաքուր և կոկիկ ընտանիք, որոնք ուզում են առաջիկայում գյուղմթերքի սեփական արտադրանք ստեղծել։