Հրադադար Լիբանանում և ակտիվների ապասառեցում. Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանը

Իսլամաբադ իրանական պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի ստացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Թեհրանն ակնկալում է Լիբանանում հրադադարի հաստատում և իրանական ակտիվների ապասառեցում՝ նախքան Վաշինգտոնի հետ խաղաղ բանակցություններ սկսելը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հարցով բանակցությունների համար Պակիստան մեկնում է նախագահ Դոնալդ Թրամփի հստակ հանձնարարականներով։ Իրանական պատվիրակության այցի մասին տեղեկություններ դեռ չկան։
«Կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված միջոցառումներից երկուսը դեռևս չեն իրականացվել՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ապասառեցումը՝ նախքան բանակցություններին անցնելը։ Անհրաժեշտ է լուծել այս երկու հարցը նախքան բանակցությունների մեկնարկը»,-գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։