ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանություն։ Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ներկա է եղել դեսպանության բացմանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտնեց, որ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները խորացնելու համար։
«Երկու երկրների հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր արժեքների վրա՝ ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն, և ես պետք է ասեմ, որ մենք կարողացել ենք այս արժեքների վրա հիմնված ամուր հարաբերություններ կառուցել։ Այժմ ժամանակն է ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման տնտեսական բաղադրիչին, մասնավորաբար՝ Հայաստանը հետաքրքրված է թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցությամբ։
Միրզոյանը կարևորեց Էստոնիայի դերը նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցություններում, մասնավորապես՝ Հայաստան-Նորդիք-Բալթյան 8 երկրների ձևաչափով։